Պատմություն

Հայկական լեռնաշխարհը անհիշելի ժամանակաշրջաններից հայտնի է որպես գորգագործության բնօրրան եւ կենտրոն: Ոչ միայն գորգագործությունը, այլեւ կիրառական արվեստի  բազմաթիվ այլ ճյուղեր հազարամյակներ շարունակ  ուղեկցել են հայ ժողովրդին:

Հայկական լեռնաշխարհում իր ուրույն տեղն  է ունեցել Պատմական Հայաստանի Արցախ նահանգը, որտեղ բարձր  մակարդակի էր  հասել ձեռագործ մշակույթը եւ մասնավորապես` գորգագործությունը: Այս մասին փաստերը  առավել քան խոսուն են: Այս մասին խոսում են  ոչ միայն հայ, այլեւ օտարազգի պատմիչները: Նրանք նկարագում են Արցախ աշխարհը, նրա աշխատասեր ժողովրդին, զբաղմունքը, կենցաղը, մշակույթը: Այստեղ պահպանվել են պատմության եզակի նմուշներ, նյութեր, որոնք ի թիվս այս ճյուղերի, բնորոշում են  նաեւ  գորգագործության համատարած զբաղմունքի, մշակույթի մասին:

Արցախ աշխարհը (ներկայումս` Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) հանդիսանում է հայ ժողովրդի կազմավորման արեալ: Հազարամյակներ շարունակ ապրելով այս տարածքում` հայ ժողովուրդը կերտել է ինքնատիպ ու բացառիկ մշակույթ, չնայած այն հանգամանքին, որ պարբերաբար ենթարկվել է օտար ցեղերի հարձակումների, ավարի ու կողոպուտների:

Գորգը որպես իր, իսկ գորգագործությունը որպես մշակույթ, անքակտելի կերպով միահյուսված էր հայ ընտանիքին:

Ամեն հայ ընտանիք ունեցել է գորգ, որ ոչ միայն  պարզապես իր էր, այլեւ` խորհրդանիշ, պահպանիչ եւ պաշտպանիչ , ինչպես նաեւ` պաշտամունքային առարկա:

Միանգամայն պատահական չէ, որ <<կարպետ>> անվանումը առաջին անգամ հանդիպում ենք հայկական աղբյուրներում:

Գորգը օգտագործել են գրեթե ամենուր` բնակարաններում, եկեղեցիներում, տարբեր միջոցառումների ժամանակ:

Բոլոր ժամանակներում էլ գորգը հանդիսացել է լավագույն եւ թանկարժեք նվեր բարեկամներին, ընկերներին, նույնիսկ` հարեւան երկրների թագավորներին նվիրելու  համար:

Հայ կանանց եւ աղջիկների ստեղծագործ մտքի եւ ճաշակի արդյունքում ստեղծվել եւ սերնդեսերունդ  փոխանցվել են բացառիկ գորգեր: Նրանք չափազանց  մեծ պատասխանատվությամբ են գործել եւ գործում գորգերը, ինչը ապահովել է գործվածքի որակը, զարդանախշերի համաչափությունը, պատկերների գեղեցիկ ու ճիշտ  արտացոլումը գորգերի վրա:

Արցախի ժողովրդի` բոլոր ժամանակներում կիրառական արվեստի, հատկապես` գորգագործության նկատմամբ  ունեցած անսահման սիրո եւ մեծարանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ ու հետաքրքիր գորգեր, որոնք այսօր պահպանվել են աշխարհի լավագույն թանգարաններում:

Արցախյան գորգերի ու կարպետների որակական յուրահատկություններից մեկը  եղել և մնում է տեղական բրդի մշակման արդյունքում ստացված  թելի ողորկությունն ու նրբությունը:

Արցախյան գորգերից աշխարհին հատկապես հայտնի են` <<Վիշապագորգերը>>, <<Օձագորգերը>>, <<Արեւագորգերը>>, <<Արծվագորգերը>> եւ այլն:

Հայկական բոլոր գորգերը, այդ թվում եւ արցախյան գորգերը աչքի են ընկնում իրենց բովանդակային հարուստ բազմազանությամբ: Օրինակ` վիշապի արտացոլումը գորգերի վրա բացատրվում է նրանով, որ հնում վիշապը մարմնավորում էր ոչ թե չար ուժերին ,այլ ուժ և հզորություն էր արտահայտում : Նմանատիպ գորգ ունենալով տանը` մարդիկ փորձում էին այդ կերպ հակադրվել չար ուժերին`հեռացնելով այն իրենց օջախներից:

Վիշապների,արծիվների,ինչպես նաև առանձին երևույթների`գորգերի վրա արտացոլումը պատկերվում էր և է ոչ թե ուղղակի այնպես, ինչպես նրանք կան իրականում կամ նկարներում,այլև` յուրահատուկ ,երբեմն էլ դժվարընկալելի խորհրդանշաններով: Հենց այստեղ է կայանում նաև հայկական և առանձնապես արցախյան գորգերի յուրահատկությունն ու բովանդակային հետաքրքրությունը: Հետաքրքիրն է,որ Արցախում կարպետներից զատ գործել են նաև գորգեր,որոնք ունեցել են երկու տեսակի կիրառում.մի տեսակը գործածվում էր զուտ գետնին փռելու համար, մեկ այլ տեսակը`միայն պատին կախելու ,որը երբեմն պահպանվում էր որպես սրբություն,ինչպես նաև փոխանցվում սերնդեսերունդ:

Աշխարհաքաղաքական տարբեր հանգամանքներով ու պատճառներով պայմանավորված`տարբեր ժամանակահատվածներում զարգացել և անկում է ապրել արցախյան գորգագործությունը,սակայն երբեք չի ընդհատվել :

Տարբեր ժողովուրդներ,ցեղեր, արշավելով Հայաստան,ամեն արժեքավորի հետ գողացել են նաև հայկական գորգերը,իսկ երբեմն` յուրացրել գորգ գործելու արվեստը:

Լինելով արցախցու անբաժան զբաաղմունքը`արցախցիները գորգագործությունը տարածել են ինչպես ամբողջ Կովկասում,այնպես էլ աշխարհի տարբեր  տարածաշրջաններում: Իհարկե,գորգ գործել են նաև այլ երկրներում,սակայն արցախյան  յուրահատուկ գորգերի տարածվածությունը աշխարհի մի քանի  այլ երկրներում  պայմանավորված է տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած արցախցիների տեղաշարժերով:

Ղարաբաղ Կարպետ ընկերությունը, պահպանելով հայկական գորգագործության ավանդույթները, շարունակում է աշխարհին ներկայացնել հայկական,մասնավորապես` արցախյան լավագույն գորգերը,որոնք գործված են մեծագույն պատասխանատվությամբ,բարձր որակով և մեծ սիրով: