Երևանում և Լոս-Անջելեսում բացվելու են «Ղարաբաղ կարպետ» ընկերության բրենդային խանութները

18

2013 թ. հուլիսից գործող «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը լուրջ նախադրյալներ է ստեղծել գորգագործության հայկական ավանդույթները վերականգնելու ուղղությամբ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը` մանրամասնելով կատարված աշխատանքների ու առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն Խաչատրյան, դեռևս «Ղարաբաղ կարպետ» ընկերության ստեղծման ժամանակ ԼՂՀ իշխանությունները, բացի տնտեսական կողմից, հաճախ էին նշում գորգագործության հայկական ավանդույթները վերականգնելու մասին: Հետաքրքիր է` ի՞նչ եք հասցրել անել այսքան ժամանակ:

-Այո, իրոք, ճիշտ եք նկատել, որ «Ղարաբաղ կարպետ» ընկերության ստեղծման հիմնական նպատակներից մեկը ավանդական հայկակական հարուստ գորգագործության մշակույթի վերականգնումն ու այն աշխարհին ներկայացնելն է: Հատկապես, երբ հարևան Ադրբեջանը բարձրագույն ղեկավարության մակարդակով լկտիաբար հայկական` առաձնապես ղարաբաղյան գորգերը աշխարհին ներկայացնում է` որպես ադրբեջանական: Ընկերության ստեղծումից ի վեր մեզ մոտ ակտիվ ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ է: Շուրջ երեք ամիս է, ինչ արդեն ունենք վաճառքի համար պատրաստ գորգեր: Մեր առաջին խոշոր պատվիրատուն հանդիսացավ արցախյան առաջին «Ազգային վիճակախաղը»՝ որպես շահում ընտրելով մեր արտադրանքը: 335 գորգեր արդեն պատրաստ է և մոտ ժամանակներս հենց գորգագործական համալիրում կհանձնվեն շահողներին: Մոտ երկու ամիս առաջ աշխարհի տարբեր երկրներից ընկերություն են այցելել իրենց գործում բավականին մեծ համբավ ձեռք բերած գորգագետներ, արվեստաբաններ: Նրանք տպավորված էին այս մակարդակի մեծածավալ արտադրանքով, և արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք աշխարհի տարբեր երկրների գորգերի վերավաճառմամբ զբաղվող կազմակերպությունների հետ: Քանի որ երկար ժամանակ արտասահմանում արցախյան գորգերի լավ գովազդում և ցուցադրում չի եղել, այդ պատճառով մեր գորգերը, կարծես թե, իրենց տեղը զիջել են համաշխարհային շուկայում: Բայց համոզված եմ, որ մեր լուրջ քարոզչության և ամենատարբեր ցուցահանդեսներին մասնակցելու դեպքում նորից կվերականգնվի դարեր շարունակ արցախյան գորգերի ունեցած մեծ համբավը:

-Տարին նոր է սկսվում, ի՞նչ ծրագրեր կնախանշեք ասվածը իրականություն դարձնելու համար:

-2014 թվականից նախատեսում ենք մեր արտադրանքը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլ արտասահմանյան ցուցահանդես-վաճառքներում: Որոշ արտասահմանյան գորգագետների հետ արդեն բանակցությունների փուլում ենք: Անհատական վաճառքներ կատարվել են, մասնավորապես Ֆինլյանդիայից, Նորվեգիայից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկներ են եղել մեր ընկերությունում, ովքեր տպավորված էին և գնեցին մեր գորգերից օրինակներ:

-Իսկ գորգի գինը ինչպե՞ս է սահմանվում:

-Գորգի գինը կախված է գորգի խտությունից: Միջին՝ 32 խտության գորգերի, 1քմ-ը համարժեք է 140000 դրամի: Իհարկե, կան գորգեր, որոնք ավելի բարդ աշխատանք են պահանջում, ինչը արդեն բարձրացնում է գորգի ինքնարժեքը:

-Ինչպե՞ս են ընտրվում գորգերի գույները, նախշերը, ավանդական տարբերակները որքանո՞վ են օգտագործվում արտադրության մեջ:

-Մինչ այսօր փորձել ենք հայ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված լուսանկարների օգնությամբ վերարտադրել հին հայկական գորգերը: Սա մեծ առաջընթաց է հայկական արվեստի պահպանման գործում: Հայտնի է, որ մեր գորգերի մեծ մասը թալանվել է ադրբեջանցիների կողմից: Այժմ դրանք ներկայացված են իրենց թանգարաններում` որպես սեփական արտադրանք: Ինչպես արդեն նշել եմ, պատմություն ու մշակույթ չունեցող ժողովուրդը փորձում է արցախյան գորգագործության օրինակները ներկայացնել` որպես ադրբեջանական գորգեր: Բացի ավանդականից նշեմ, որ մեր դիզայներները նաև նոր գորգերի ստեղծման աշխատանքներ են նախագծում` իհարկե, հիմքում ունենալով մեր ժողովրդի ստեղծած հարուստ մշակույթը:

-Ի՞նչ աշխատանքներ են տարվում` արցախյան գորգերը գնորդներին հասանելի դարձնելու նպատակով:

-Մեր աշխատանքները գնորդին ներկայացնելու համար ստեղծվել է կայքէջ` հինգ լեզուներով, որի աշխատանքները տեխնիկական խնդիրների պատճառով մի քիչ հետաձգվել են, բայց շուտով այդ խնդիրը լուծում կստանա: Ինչպես նաև առաջիկայում Երևանում և Լոս-Անջելեսում բացվելու են  «Ղարաբաղ կարպետ» ընկերության բրենդային խանութները: Մի կարևոր փաստ ևս, որ յուրաքանչյուր գորգ իր հետ ունենալու է անձնագիր, որտեղ նշված են լինելու գորգի բոլոր պարամետրերը, գորգագործի անունը, և, ամենակարևորը, որ գորգը ստեղծվել է Արցախի Հանրապետությունում: Հենց այսպես մենք սկսելու ենք մշակութային-քաղաքական լուրջ գործընթաց:

-Գաղտնիք չէ, որ ընկերության ստեղծումը նաև տնտեսական մեծ նշանակություն ունի մեր հանրապետության համար: Պարոն Խաչատրյան, քանի՞ աշխատող ունի արդեն «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը և որքա՞ ն է կազմում նրանց միջին աշխատավարձը:

-Ներկայումս ունենք երկու արտադրամասեր` Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում, որտեղ 120-ից ավելի մարդ է աշխատում, և նրանց միջին աշխատավարձը կազմում է 75000 դրամ: Առայժմ որպես գորգոգործ աշխատելու ոչ մեկի ցանկությունը չենք մերժել: Նոր աշխատողներ մեզ միշտ էլ անհրաժեշտ են: Մի քանի օրից ևս մեկ մասնաճյուղ կբացվի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Արտադրամասի մասնաշենքը պատրաստ է, ունենք 25 գորգագործներ: Այս մասնաճյուղի համար նախատեսում էինք 25-30 աշխատող, բայց քանի որ հետաքրքրվողների շրջանակը բավականին մեծ է, հնարավորության դեպքում, մասնաճյուղը կունենա մոտ 50 գորգագործներ:

Artsakhpress.am